Արևմտյան Հայաստանի պատմության մեջ առհասարակ նշանակալից տեղ են գրավում Նախճավան գավառն ու համանուն քաղաքը։ Դեռևս նեոլիթյան շրջանից սկսած Նախճավան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա էնեոլիթյան բազմաշերտ բնակատեղին, Աստապատ գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը, որոնք խոսուն վկաներն են Նախճավան քաղաքի ու գավառի տարածքում մարդու վաղնջական բնակության, նրա ստեղծած բազմադարյան մշակույթի վերաբերյալ։ Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվող Նախճավան տեղանունը հետագայում հիշատակվում է որպես Նախիջևան։

Նախիջևանը, գտնվելով հին աշխարհի երկրների տարանցիկ առևտրական երթուղիների կենտրոնում, հնուց ի վեր եղել է հայ ժողովրդի հասարակական, քաղաքական ու մշակութային նշանավոր օջախներից մեկը։

Պատմահայր Մ. Խորենացու հաղորդած տեղեկություններն ապացուցում են, որ հին Հայաստանի ավագ նախարարական տների կազմում գտնվող Մարդպետունիների կալվածքները և իրավասությունները տարածված էին «Ատրպատականից մինչև Ճվաշ և Նախճավան»։

Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թ. գտնվել է սելջուկների ու թաթար մոնղոլների, պարսիկների ու թուրքերի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։