Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը: Միշելը նաև նշել է. «Այսօր մենք համաձայն ենք ակտիվացնել բովանդակային աշխատանքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարել ենք արտգործնախարարներին հանդիպել մեկ ամսվա ընթացքում՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա»:

ԵԽ նախագահը հայտնել է, որ մանրամասն քննարկում են ունեցել նաև հումանիտար հարցերի՝ այդ թվում՝ ականազերծման, գերեվարվածների և անհետ կորածների ճակատագրի շուրջ։ «Նախագահ Միշելը  ընդգծել է հայ գերեվարվածների հետագա ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այս հարցերով»,-ասված է հայտարարությունում: Շառլ Միշելը հայտարարությունում անդրադարձել է նաև սահմանազատման հարցերին՝ նշելով, որ քննարկել են, թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ: 

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում ԵԽ նախագահ Շարլ Միշելի հայտարարաությունը՝ կապված գերիների վերադարձի հետ և հավելում, որ ավելի քան 300 անձ պատերազմից հետո անհետ կորած է համարվում, որոնց մեծ մասը ամենայն հավանականությամբ գերեվարված են Ադրբեջանի կողմից՝ որի մասին տեղյակ չեն պահում համապատասխան կառույցներին։