Արևմտյան Հայաստանի էրզրումից գաղթած Կոշտոյանների արծաթագործական արհեստը մինչ օրս շարունակում են նրանց սերունդները: Ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող կաղապարներով ու գործիքներով այսօր էլ վարպետներն այնպիսի զարդեր ու Գյումրին խորհրդանշող գավաթներ (հատուկ գավաթ, որից ջուր խմելիս կլկլոց է գալիս) են պատրաստում, որոնք և՛ երիտասարդներն են հաճույքով օգտագործում, և՛ լավագույն նվեր են քաղաք այցելած հյուրերին: Վարպետ Ցոլակը, բացի որդուց, արհեստը նաև ուսանողներին է փոխանցում՝ Շիրակի պետական համալսարանի Կերպարվեստի ամբիոնում դասավանդելով: 

Ներկայացնելով իր ու որդու՝ Արտյոմի պատրաստած արծաթե իրերը, վարպետ Ցոլակը հպարտությամբ է նշում․«Հպարտեմ եմ, որ իմ կլկլան գավաթները հայտնի մարդկանց են նվիրել՝ Հռոմի Պապին, Սպիվակովին, Քիմ Քարդաշյանին և Գյումրի այցելած այլ հայտնի մարդկանց: Մեր գործերի հաջողության գրավականը հնության մեջ է՝ այն նույն գոտիներն ու ապարանջաններն են, ինչ մեր տատերն են կրել: Հիմա էլ մերօրյա աղջիկները սիրով դրանք կրում են»:

1900-ականներին ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանից գաղթած բնակիչները իրենց մշակույթը տարածեցին այն երկրներում՝ որտեղ վերաբնակեցվեցին։ Հենց նույն ժամանակաշրջանում սկսեց ծաղկել Արևելյան Հայաստանի մշակույթը ի շնորհիվ գաղթականների։