Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն սեպտեմբերի 2-ին, ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի´ հայրենակիցներ

Դարեր շարունակ արցախահայությունը, հենվելով իր պատմական երկարատև կենսափորձի վրա, կենաց ու մահու պայքար է մղել՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության։ Այդ պայքարի բարձրակետը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը։

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ։ Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը հավաստիացում էր և΄ խորհրդային իշխանություններին, և΄ համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ իր հայրենիքում ապրելու, հարատևելու կամքն անբեկանելի է, լուսավոր ապագայի կերտումը՝ անկասելի: 2020թ աշնանային պատերազմն իր ծանր հետևանքներով լրջագույն մարտահրավեր հանդիսացավ մեր ինքնության ու լինելիության համար:

Արցախցու հոգեկերտվածքը այնպիսին չէ, որ ընկրկի դժվարությունների առջև: Մեր ազգային հպարտությունն ու արժանապատվությունը աներեր է, այն ոչ ոք չի կարող խաթարել: Մենք վճռական ենք մեր պայքարում։ Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը։ Աստված ապավեն Արցախի Հանրապետությանն ու համայն հայությանը»։