Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված 95 ընտանիք  վիճակահանությամբ տուն է ստացել Աստղաշեն համայնքի վարչական տարածքի նորակառույց թաղամասում:

«Պետական միջոցներով այստեղ  շուրջ 136  տուն է կառուցվում։ Առաջիկայում մի քանի տասնյակ ընտանիքներ նույնպես  առանձնատներ կստանան այս բնակավայրում։ Մենք կորցրածի դիմաց կառուցում ենք բազմապատիկը՝  մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը հայկական պահելու համար»,-ասել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի խոսքով՝   կառույցի  մեկամյա գործունեության ընթացքում ավելի քան  1000  բնակարան է տրամադրվել  շահառուներին։

Ասկերանի վերին ենթաշրջանի 4 համայնքից  տեղահանված ընտանիքների համար նախատեսված նոր բնակավայրում  շինաշխատանքները դեռ շարունակվում են: Բոլոր տները համապատասխան գույքով ու կահավորմամբ շահագործման կհանձնվեն առաջիկա հունվարին: