Հայկական տարազը հայոց բազմաբարբառ լեզվի նման բազմաբնույթ է: Այն ունի որոշակի անհատական բնույթ։ Արևմտյան Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ՝ միայն իրեն բնորոշ զարդանախշերով: Տարազի համալիր հանդերձանքի վրա առկա յուրաքանչյուր զարդանախշ ունի իր խորհուրդն ու նշանակությունը: Վերջիններս բաժանվել են  խմբերի՝ շրջան, քառակուսի, խաչ, եռանկյունի, կետանախշ, թռչնանախշ և այլն: Հայկական զգեստն առանձնանում էր երկարափեշությամբ, կողքերի ճեղքվածքներով և պարտադիր ուղեկցվում էր գոտիով:

Մայրաքաղաք Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով։ Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի։ 

Արևմտյան Հայաստանում տարազը աչքի էր ընկնում ճոխությամբ, հարուստ էր ոսկեթել և արծաթաթել  ասեղնագործություններով: Գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր: Այն կապում էին գոտկատեղում, կրծքամասում կամ ուսամասում:

Արևմտյան Հայաստանի տարազները այժմ օգտագործվում են նորաձևության մեջ, որոնք կարող ենք տեսնել միջազգային տարբեր ցուցասրահներում և նորաձևության ցուցադրություններում։ Մենք հպարտ ենք որ մեր մշակույթը օր-օրի այսքան տարածվում և մեծ պահանջարկ է վայելում ամբողջ աշխարհի կողմից։