Օգոստոսի 30-ին Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանի հայ կանայք անցկացրեցին «Հայ կանանց միությունը 107 տարի անց վերածնվում է» կարգախոսով  1-ին համագումարը և ազդարարեցին Հայ կանանց միության ստեղծումը:

Հասեկեում 150 պատվիրակների մասնակցությամբ կայացած համագումարում բացման խոսքով հանդես եկավ միության անդամ Լուսին Էրդնիյանը, որից հետո տեղի ունեցավ կինոցուցադրություն՝ հայ կանանց կատարած աշխատանքների մասին։ Այնուհետև ելույթներով հանդես եկան Հայ համայնքի խորհրդի անդամներ Լուսնակ Քաֆուրյանը և Արբի Քասրյանը և նահատակ Նուբար Օզանյան գումարտակի անդամ Հայաստան Բերբարան։

Լուսնակ Քաֆուրյանն իր  ելույթում անդրադառնալով թուրքական պետության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, հայտարարեց, որ իրականացված ցեղասպանությունը երբեք չի մոռացվի: «Մեկուկես միլիոն հայ է կոտորվել, ամենադաժան հանցագործությունները կատարվել են կանանց նկատմամբ, կանանց վաճառել են շուկաներում»,-իր խոսքում հիշեցրեց Քաֆուրյանը:

Նահատակ Նուբար Օզանյան գումարտակի անդամ Հայաստան Բերբարան իր ելույթում նշելով, որ իրենք աշխատում են մարդու իրավունքների,  բիզնեսում և սոցիալական ոլորտներում կանանց իրավունքների սկզբունքներին համապատասխան,  ասաց. «Հայ կանանց միությունը  աշխատանք է տանում, որպեսզի կանանց պաշտպանի բռնությունից,  միաժամանակ պայքարում է գենդերային հավասարության և սոցիալական ասպարեզում կնոջ դերը զարգացնելու համար»: Նրա խոսքով՝ հայ կանայք ապացուցել են, որ պատերազմական իրավիճակում կարող են զենք վերցնել, պաշտպանել իրենց երկիրը և իրականացնել իրենց հեղափոխական երազանքները։

Համագումարում  քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որից հետո Հայ կանանց միությունը  ներկայացրեց հռչակագիր, որտեղ նրանք դատապարտում են  զավթիչ թուրքական պետության և նեոօսմանյան կառավարության կողմից տարածաշրջանի ժողովուրդների դեմ իրականացված հարձակումներն ու հանցագործությունները և կոչ են անում տարածաշրջանի ժողովուրդներին՝ միավորվելու նեոօսմանյան ավազակախմբերի դեմ։

Կոնգրեսին շնորհավորական ուղերձներ են հղել Եզդիների միությունը, Հայ համայնքի խորհրդի՝ Դերա Զորի բյուրոյի անդամները և հյուսիս-արևելյան Սիրիայում գործող բազմաթիվ կանանց հասարակական կազմակերպություններ:

Արևմտյան Հայաստանը ողջունու է Սիրիայում ապրող հայ կանանց նախաձեռնությունները, որոնք միտված են ներկայացնելու Արևմտյան Հայաստանի մշակույթը: Մեր բազմադարյա մշակույթիպահպանումը ինչպես Արևմտյան Հայաստանի տարածքում, այնպես էլ դրանից դուրս, շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում, իսկ նմանատիպ նախաձեռնությունները խթան են հանդիսանում մշակույթի տարածմանը: