Աշխարհահռչակ երաժիշտներ, գիտնականներ, նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ մեկ շաբաթ շարունակ Հայաստանը վերածելու են հզոր գիտական մտքի ու երաժշտության միավորման վայրի: Առաջիկա ողջ շաբաթվա ընթացքում լինելու են հայտնի գիտնականների, տիեզերագնացների դասախոսություններ, տեղի կունենան նաև համերգեր:

Փառատոնը 2011 թվականին միասին հիմնադրել են աստղաֆիզիիկոս Գարիկ Իսրայելյանը և Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը:

6-րդ STARMUS-ը նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Դեպի կարմիր մոլորակ թռիչքի նպատակը հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M մարսագնացը տեղ հասցնելն էր:

Գիտության հանրայնացմանը նպաստող գործիչներին STARMUS փառատոնի ընթացքում պագևատրում են հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգի շքանշանով: Այս մրցանակաբաշխությունը անվանում են նաև «Գիտության Օսկար»: Գարիկ Իսրայելյանի փոխանցմամբ, այս տարվա գիտության օսկարակրի անունը պարզ կդառնա երկուշաբթի օրը: 

Աշխարհահռչակ հայ գիտնականների և անվանի մարդկանց մեծամասնության արմատները ձգվում են դեպի Արևմտյան հայաստան: Այս մասին նրանք թերևս շատ հաճախ են խոսում միջազգային տարբեր հարթակներում, անպայմանորեն նշելով որ իրենց նախնիները ցեղասպանության են ենթարկվել իրենց բնիկ տարածքներում կամ բռնի տեղահանվել: