Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել ՝ հերքելով վերջին շրջանում սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերն առ այն, թե իբրև ադրբեջանական կողմի հետ կա պայմանավորվածություն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքն ու Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին։

Հաղորդագրության մեջ նշված է.

«Տեղեկացնում ենք, որ նման բնույթի կեղծ լուրերն ու խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և շրջանառության մեջ են դրվում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ մեր քաղաքացիների մոտ խուճապային տրամադրություններ, ինչպես նաև անօգնականության, անելանելիության, ճնշված լինելու զգացողություններ առաջացնելու և Հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նենգ նպատակով»։

Արևմտյան Հայաստանը հորդորում է հայերին տուրք չտալ  ապատեղեկատվությանը, քանի որ պատերազմը մինչ օրս շարունակվում է օնլայն հարթակում, և ադրբեջանցի օգտատերերի կողմից շարունակվում  է ապատեղեկատվական հոսքը հայկական մեդիադաշտ։