Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որի կարգախոսն է «Քրիստոսի սերը առաջնորդում է աշխարհը դեպի հաշտություն և միասնություն», շարունակում է իր աշխատանքները Գերմանիայի Կառլսռուե քաղաքում։ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը անցկացվող համաժողովին շուրջ 5000 մասնակիցներ ներկայացնում են 351 եկեղեցիներ և հարանվանություններ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունն իր ակտիվ մասնակցությունն է բերում համաժողովի հավաքներին, 

ինչպես նաև ԵՀԽ-ի գործունեությունը համակարգող վեց հանձնաժողովների աշխատանքներին։

Համաժողովին Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն անդրադարձել է Արցախի բնակչության հանդեպ Ադրբեջանի կողմից շարունակ տեղի ունեցող ոտնձգություններին՝ հորդորելով համաժողովի ղեկավարությանը և բոլոր պատվիրակություններին գործնական քայլեր ձեռնարկել զսպելու Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը։

Արևմտյան Հայաստանը Արցախի համար պայքարը շարունակում է իրավաբանական դաշտում և դրական է գնահատում ցանկացած հարթակի օգտագործումը՝ Արցախի հետ կապված խնդիրների բարձրաձայնման համար։ Հոգևոր առաջնորդների հանդիպման ժամանակ արված հայտարարությունը վստահաբար իր արձագանքը կստանա միջազգային հանրության կողմից։