Այս տարի  լրանում է անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը։ Սեպտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումների մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս:

Օհան Դուրյանը այն քիչ արվեստագետներից էր, որ լիարժեքորեն ընդգրկված էր միջազգային երաժշտական կյանքում. աշխատել է 100-ից ավելի նվագախմբերի հետ և արժանացել ամենաբարձր գնահատանքի: 

«Սեպտեմբերի 8-ին՝ Օհան Դուրյանի ծննդյան օրը՝ ժամը 12:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի մաեստրոյի հիշատակին: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, նախատեսվում է աննախադեպ անակնկալով համերգ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կկայանա շքեղ հանդիսություն. Կենտրոնական բանկի կողմից թողարկվել է Օհան Դուրյանի անվամբ արծաթե հուշադրամ, որի շնորհանդեսն է լինելու, միևնույն ժամանակ  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Հայ փոստի» կողմից կթողարկվի Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված նամականիշ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Ֆրանսիայում Տեսալսողական միջազգային կազմակերպությունը թողարկում է «Համաշխարհային երաժշտարվեստի գոհարներ» խորագրով 11 ձայներիզներից կազմված հավաքածու, որում ընդգրկված են նաև Օհան Դուրյանի ստեղծագործությունները: Օհան Դուրյանը եղել է նաև Ֆրանսիայի քաղաքացի ու Արվեստի և գրականության ֆրանսիական արվեստի շքանշանակիր: