Ավագ վանք գյուղը գտնվում էր Արևմտյան Հայաստանի Կարինի վիլայեթի Կամախ գավառակում: Գյուղում էր գտնվում համանուն վանքը՝ Ավագ վանքը: Ավագ վանքը 13 դարի սկզբին դարձել է գրչության ու արվեստի նշանավոր կենտրոն,  պահպանվել են երկու նկարազարդ Ավետարաններ՝ 1201 թվականի և  1200–1202 թվականների մեծահռչակ Մշո Ճառընտիրը: 13-րդ դարի սկզբին վանքն ունեցել է չորս եկեղեցի` Սուրբ Աստվածածին, Սուրբ Թադեոս /Սուրբ Առաքելոց/, Սուրբ Կարապետ և Սուրբ Ստեփանոս: 1230 թվականից Ջալալեդդինի հրոսակախմբերի ավերածությունների հետևանքով Ավագ վանքն առժամանակ չի գործել: Այն վերաբացվել է 14-րդ դարում վանահայր Մովսես վարդապետ Երզնկացու ջանքերով, որը աչքի է ընկել ուսուցման բարձր մակարդակով: 1460-ական թվականների սկզբին` Հովհաննես Համշենցու րաբունապետության ժամանակ վերածվել է համալսարանի: Ավագ վանքը մինչև 1915 թվականը ունեցել է մատենադարան, ինչպես նաև ընդարձակ հողեր, այգի, անտառ, ջրաղաց: Նրա համալիրից պահպանվել է կիսավեր երեք եկեղեցի: Ավագ վանքը իր մատենադարանով կանգուն էր մինչև 1915 թվականը։

Գավառն  ուներ արծաթի, պղնձի և երկաթի զգալի պաշարներ։ Բնակչությունն զբաղվում էր երկրագործությամբ, հողագործությամբ՝ հիմնականում աճեցնում էր հացահատիկներ, բանջարանաբոստանային կուլտարաներ, բամբակ, պտղատու ծառեր և խաղող։

20-րդ դարի սկզբին ոչ միայն Ավագ Վանք գյուղի այլ ողջ Կամախ գավառի ավելի քան 8000 հայեր բնաջնջվեցին և միայն փոքրաթիվ հայերի հաջողվեց ապաստան գտնել Արևմտյան Եփրատի ափին գտնվող Լիճք ավանի  մոտակա լեռներում: Հետագայում, մինչև  1917 թվականը  վերապրած հայերի զգալի մասը կարողացավ անցնել Երզնկա և փրկվել, ապա այնտեղից  ապաստանել Արևելյան Հայաստան և այլուր:

Այսօր գյուղը քրդաբնակ է և նրանց կողքին ապրում են քրդացած հայեր , որոնք այդպես էլ չլքեցին հայրենի բնօրրանը: