Նինոծմինդայի շրջանի Մադաթափա լիճը, որը գտնվում է Ջավախքի ազգային զբոսայգու տարածքում, չորանում է։ Այս տարի բավականին մեծ տարածք է չորացել: Լճի չորացման պատճառ Սամեբա գյուղի բնակիչները հիմնականում եղանակային պայմաններն են համարում, քանի որ ամառվա ընթացքում քիչ է անձրև եկել և շոգ էր։ Բնակիչները նաև ասում են, որ տարեցտարի լճում ջրի մակարդակը նվազում է:

Մի քանի տարի է ինչ Մադաթափա լճում ամբարտակ կառուցելու ծրագիր կա, որպեսզի ջրի մակարդակը պահեն, բայց դեռևս ոչինչ չի արվել այդ ուղղությամբ։  Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունից Jnews-ին հայտնել են, որ ամբարտակ կառուցելու համար էլեկտրոնային մրցույթն արդեն հայտարարված է։ Այս փուլում գործակալության կողմից մշակվել է անհրաժեշտ տեխնիկական հանձնարարական և ընթացքի մեջ են նախագծային աշխատանքները։ Լրացուցիչ մանրամասները կհաղորդվեն առաջիկայում:

Մադաթափա լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում, ծովի մակարդակից 2108 մ բարձրության վրա։ Մադաթափան տարբերվում է մնացած լճերից թռչունների բազմազանությամբ, այստեղ 180 թռչնատեսակ կա, ինչքան որ Ջավախքի ազգային զբոսայգու ողջ տարածքում կա։ Մադաթափան սնվում է ստորգետնյա ջրերից, անձրևաջրերից և ձյան հալոցքից, որից առաջացած գետակները սկիզբ են առնում Ջավախքի լեռներից: