Պրահայում լույս է տեսել չեխ հայտնի գրող ու ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն քննական թարգմանությունը՝ «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր, Կարլի համալսարանի դոկտորանտ Աննա Կարապետյանի աշխատասիրությամբ։

Թարգմանիչը գրել է նաև գրքի նախաբանն ու քննական թարգմանության հետ կապված բացատրական առաջաբանը, ինչպես նաև մոտ 500 ծանոթագրություններ, որոնք ներկայացված են գրքի վերջում։ 

Տեղեկացնենք, որ Կարել Հանսայի այս գիրքը չեխերենով առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Չեխիայում, իսկ երկրորդ անգամ վերահրատարակվել է 2006 թվականին Պրահայում։

Գրքում Կարել Հանսան ոչ միայն ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունը մինչև 1920-ական թվականներ, այլև Հայոց ցեղասպանության ընթացքը, Լիբանանում և Սիրիայում ապաստանած հայ գաղթականների կյանքն ու հայկական որբանոցները։

Օտարագիր ճանապարհորդի այս գիրքն առաջին վկայություններից մեկն է Հայերի ցեղասպանության մասին։