Ինչպես հայտնել էինք մեր նախորդ թողարկումներից մեկում, Գերմանիայի Քարլսրու քաղաքում այս օրերին գումարվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև Արցախի հարցին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության անդամ, լիբանանյան համալսարանում քաղաքական գիտությունների և միջազգային օրենքի դասախոս Նորա Պայրագթարյանը ներկայացրել է Արցախի մասին հայտարարությունը: Հայտարարության մեջ համաժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից արցախյան 44-օրյա նախահարձակ պատերազմն ու իր զորակցությունը հայտնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Համաժողովը դատապարտել է քիմիական զենքի գործածությունն ու միջազգային օրենքին հակասող այլ պատերազմական հանցագործությունները: Համաժողովը կոչով դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը, Եվրոպական Միությանն ու Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, ինչպես նաև իր խորը մտահոգությունն է հայտնել Արցախի գրավյալ շրջաններում գտնվող սրբավայրերի և հայկական  մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների փաստով՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային համայնքին՝ բոլոր միջոցներով պահպանել հայկական մշակութային կառույցներն ու վայրերը:

Արցախյան հակամարտության արդար և խաղաղ լուծման համար համաժողովը կոչով դիմել է ԵԱՀԿ-ին` Մինսկի խմբի շրջանակներում երկխոսություն սկսելու շուրջ:

Արևմտյան Հայաստանը միջազգային մի շարք հարթակներում ևս անդրադարձել է  Արցախի խնդրին և Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործություններին։ Այս բիրտ գործողությունները չէին լինի, եթե միջազգային հանրությունը դատափետեր Ադրբեջանի սանձարձակ պահվածքը , սակայն պետք է հիշել, որ նմանատիպ վայրագությունները  եղան նաև 1900-ականների սկզբին Արևմտյան Հայաստանում՝ Թուրքիայի կողմից, որը վերաճեց ցեղասպանության հստակ ծրագրի։