Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած հարձակումը։ 

«Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի գործած պատերազմական ագրեսիան։ Չնայած հրադադարի մասին համաձայնությունների՝ Ադրբեջանի կառավարության ընդհանուր հռետորաբանությունը մատնացույց է անում հայկական ինքնությունն ու տարածքը ոչնչացնելու շարունակական մտադրությունը։

Հայաստանի շարունակվող ռմբակոծությունը պատերազմական հանցագործություն են և պետք է դատապարտվեն աշխարհի կողմից»,- հայտնել են  Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտից՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն, Ռուսաստանն ու Իրանը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ՝ դադարեցնելու հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող ցեղասպանական արարքները։  

«Աշխարհը չի կարող նորից մի կողմ քաշվել և թույլ տալ հայերի ոչնչացումը։ Աշխարհը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ կանխելու հայերի դեմ ցեղասպանությունը՝ մեկուսացնելով և պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի դեմ»,- նշված է գրառման մեջ։