ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Al Jazeera English հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ հստակ շեշտել է, որ դա հարձակում է սուվերեն երկրի վրա, հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցազրույցում Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր կեսգիշերին, Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական հարձակում է, որը նախաձեռնել է Հայաստանի սահմանին, նաև Հայաստանի տարածքում։ Ադրբեջանը հրադադարը խախտում է ոչ միայն սահմանի երկայնքով, այլ նաև թիրախավորում է հայկական դիրքերը, նաև քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի ներսում: Սա հստակ հարձակում է սուվերեն երկրի վրա, հստակ հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա»:

«Նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունը հստակ ընդգծել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կառուցեն անվտանգություն, քայլեր ձեռնարկեն՝ նվազեցնելու լարվածությունը սահմանին: Բայց Ադրբեջանը հրաժարվում է իրագործել այդ եռակողմ հայտարարությունը»,-նշել է Գևորգյանը: