Իտալիայի հարավում գտնվող փոքր բնակավայրի` Նոր Արաքսի մասին քիչ գիտեն նույնիսկ տարագիր հայերը, միևնույն ժամանակ նրա բնակիչները Իտալիայի կյանքում իրենց հետքն են թողել։ Առաջին վերաբնակները, շուրջ 80 մարդ, իտալական Բարի քաղաք են ժամանել 1924 թվականին Կարմիր Խաչի փախստականների ճամբարից, արևմտահայ բանաստեղծ Հրանտ Նազարյանցի ջանքերով։ Սկզբում հայերին տեղավորեցին Բարիի մահուդի գործարանում։ Այնտեղ նրանց բրդի մշակման գործիքներ և մանածագործական հաստոցներ տրամադրեցին գորգերի արտադրության համար։ Որոշ ժամանակ անց գորգերը գրավեցին ազդեցիկ պատվիրատուների ուշադրությունը։ 

Որպես փախստական ժամանած և ամեն ինչ կորցրած հայերը մի քանի տարի անց սկսեցին իրենց արհեստը սովորեցնել իտալացիներին` նրանց աշխատանք տալով։ Երեք գորգագործական դպրոց ստեղծվեց. առաջինը` Նոր Արաքսում, երկրորդը` Սան–Ջովաննի–ին–Ֆյորեում, երրորդը բացվեց Բրինդիզի նահանգի Օրիյա քաղաքում։ 

Այսօր մի քանի հայ ընտանիքներ, ովքեր պահպանել են իրենց տունը Նոր Արաքսում, ցանկանում են այն դարձնել հիշատակի և էքսկուրսիա տարագիր իտալացիների և հայերի համար: Ճակատագրի հեգնանքով Նոր Արաքսը գրեթե անհայտ է մնում արտերկրի հայերին: