Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն սեպտեմբերի 14-ին, ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։

Փաստացի՝ չնայած ստեղծված իրադրության շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Արևմտյան Հայաստանը դատապարտում է բռնազավթիչ Ադրբեջանի սադրիչ գործողությունները, հորդորելով միջազգային հանրությանը արագ արձագանքել, քանի որ ամեն օր սահմանին նոր մարդկային զոհեր են գրանցվում, որոնք անընդունելի են։ Ի վերջո Ադրբեջանը պետք է իրեն զսպող հստակ մեխանիզմներին ենթարկվի։