Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի քառակի չեմպիոն: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը չորրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալ:

97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը մրցեց 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով:

Աշխարհի քառակի չեմպիոնը Հայաստանի եռագույնով չեմպիոնական շրջանը կատարեց հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի հետ, որը նաեւ նրա անձնական մարզիչն է:

Արևմտյան Հայաստանը նորհավորում է աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և իր մարզչական կազմին այս  հաղթանակի կապակցությամբ։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը մեծ ոգևորությամբ և հպարտությամբ են հետևել այս գոտեմարտին, որի հաջող ընթացքը և ավարտը լավագույն նվերն էր ողջ հայությանը։