ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին: Փելոսին ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ:

Փելոսիին, որը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 17-ին, ուղեկցում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ծիծեռնակաբերդի բարձունքում  էին նաև պատվիրակության անդամները՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։

Նենսի Փելոսին շրջել է նաև Հայերի ցեղասպանության թանգարանում, ծանոթացել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրի մասին փաստող ցուցադրությանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղած ուղերձում Ջո Բայդենն ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայերի ցեղասպանությունը: Նա իր ելույթում օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը:

Leave a Reply