Տիգրանակերտի Արկաթիակերտ գավառը, որը եղել է բազմաթիվ քաղաքակրթությունների ու կրոնների բնօրրանը, ուսումնասիրման և բացահայտման կարիք ունի։ Հարուստ պատմություն ունեցող բնակավայրի անվանումը հունական և հռոմեական գրառումներում հիշատակվում է «Անգղ» և «Ինգլեն» անուններով։ Այստեղ են գտնվում  հայ և ասորի  թագավորների դամբարանները։

Մ․Թ․Ա․  3500-1260 թվականներին գավառում իշխել է Միտաննի հուրրիական թագավորությունը, իսկ մ.թ.ա. 1260-606 թվականներին իշխել են ասորիներն ու ուրարտական թագավորները։

Արկաթիակերտը սուրբ վայր է նաև քրիստոնյաների համար։ Այն եղել է առաջին քրիստոնյա սրբերի բնակավայրը, ինչպես նաև՝  եպիսկոպոսական կենտրոն: Այսօրվա Արկաթիակերտի գյուղական շրջանները, որոնց 65 տոկոսը լեռնային են, պատված են բազմատեսակ պտղատու ծառերով։  Գավառի գյուղերում զարգացած են ինչպես անասնաբուծությունը, այնպես էլ գյուղատնտեսությունը։ Գավառը հարուստ է նաև ստորգետնյա ռեսուրսներով, 6 գյուղերում բացվել և գործում են նավթահորեր։

Արկաթիակերտի  ամրոցը կառուցվել է Մ․Թ․Ա․ 13-րդ դարում, որը մեծ նշանակություն ունի իր գաղտնի անցումների և կառուցման ոճի շնորհիվ։ Ամրոցում առկա են ասորի տիրակալների քարագիր սյուները։ Կարևոր տեղ են զբաղեցնում նաև ամրոցի շուրջը գտնվող ժայռափոր դամբարանները։ Ամրոցը կառուցվել է Տիգրիս գետի ափին զառիթափ, բարձր լեռան վրա։

Արևմտյան Հայաստանը հպարտությամբ է հիշատակում նման պատմական վայրերը, որոնք ևս մեկ անգամ փաստում են հայի բնիկությունն ու ծագումնաբանությունը։ Այն տեղը, որը  եղել է եպիսկոպոսական կենտրոն և թագավորանիստ վայր, այժմ թուրք հրոսակների պատճառով ամայության  է մատնվել, և անգամ վտանգավոր է թուրք հնեաբանների կողմից դրանց հետախուզումը, քանի որ շատ հավանական է, որ գտածոների ծագումնաբանությունը միտումնավոր կերպով սխալ ներկայացնեն։

Leave a Reply