Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի անկախությանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նա շեշտել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ընդգծելով էքզիստենցիալ և ցեղասպանական սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը: Բաբայանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին և Արցախի բոլոր աջակիցներին:

Կոնգրեսական Ադամ Շիֆը իր ելույթում ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ցանկացած տեսակի աջակցություն Ադրբեջանին, պատժամիջոցներ կիրառի և պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի ղեկավարությանը պատերազմական հանցագործությունների համար: Շիֆի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիան միանշանակ չդատապարտելը թույլ է տվել, որ այդ երկիրը նոր հարձակում իրականացնի Հայաստանի դեմ:

Միջոցառմանը մասնակցել է նաև կոնգրեսական Ֆրանկ Փալոնը, ով նոր է վերադարձել Հայաստանից: Իր ելույթում նա ընդգծել է, որ իրենց առաքելության կարևոր մասն է երաշխավորել Հայաստանում ժողովրդավարության զարգացման շարունակականությունը՝ շեշտելով, որ Արցախն էլ դրա մի մասն է:

Արևմտյան Հայաստանը ուշադիր հետևում է Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին, սակայն ևս մեկ անգամ հարկ ենք համարում ընդգծել, որ Արցախը Հայաստան պետության մի մասն է։

Leave a Reply