Հարկ է գիտակցել, որ բնակարանային, ենթակառուցվածքային և այլ նմանատիպ սոցիալ-տնտեսական ծրագրերը կարևոր են ժողովրդի կենսագործունեության և կայուն ժողովրդագրական վիճակի համար բավարար պայմաններ ապահովելու տեսանկյունից, իսկ ժողովրդագրությունը Արցախը հայկական պահելու կարևորագույն ու երկարաժամկետ անվտանգային ուղղությունն է:
Այս մասին տեսաուղերձում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, թե իշխանությունները անվտանգային խնդիրների փոխարեն ավելի շատ զբաղված են սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ:
«Սոցիալ-տնտեսական բնույթի աջակցության իրականացված և նախատեսվող ծրագրերը բազմաթիվ են, և դրանց գլխավոր նպատակը Արցախում կյանքի որոշակի կայուն ու բարենպաստ պայմաններ ապահովելն է: Չէ, որ առանց այդ պայմանների հնարավոր չէ պատկերացնել բավարար ժողովրդագրական վիճակ, իսկ առանց բավարար բնակչության հնարավոր չէ հասնել Արցախի նախընտրելի ապագային»,-ասել է երկրի ղեկավարը:
Արևմտյան Հայաստանը նշում է , որ Արցախը բնիկ հայկական տարածք է, որտեղ դարեր շարունակ նրա անառիկության շնորհիվ մշտապես հայաբնակ է եղել։ Արցախում ապրող ժողովուրդը միայն կարող է որոշել իր ճակատագիրը, և թուրք-ադրբեջանական տանդեմը պետք է հաշվի նստի դրա հետ, սա աներկբա է։