ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը ասաց, որ Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս մեծացնել իր տարածքները, ընդարձակվել Հայաստանի հաշվին։

«Այսօր մենք ունենք քարտեզներ, որոնք Հայաստանն ու Ադրբեջանն իրար մեջ վավերացրել են 1970 թվականին։ Ըստ այդ քարտեզների՝ Սև լիճն ամբողջությամբ Հայաստանի տարածքում է, բացի մի փոքր շերտից, Վարդենիսի այն շրջանները, որտեղ թշնամին եղել է առաջ, դրանք եղել են ՀՀ սուվերեն տարածքում։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ այդ քարտեզներն իրենք վավերացրել են, և լավ գիտի, որ ապօրինի է առաջ եկել ՀՀ տարածք։ Ցավալին այն է, որ ՀԱՊԿ-ն էլ է ստում՝ ասելով, որ այդ քարտեզները հայտնի չեն, մինչդեռ Խորհրդային Միության շտաբն ինքն է այդ քարտեզները ժամանակին գծել և երկու կողմերին վավերացնել տվել»,- նշեց Գալիչյանը։

Ըստ քարտեզագետի, եթե Ադրբեջանն ասում է, որ նման քարտեզ գոյություն չունի, նշանակում է՝ Խորհրդային Միության որևէ երկիր այս պահին սահմաններ չունի։

Ադրբեջանը որպես երկիր՝ ստեղծվել է 1918 թվականին, դրանից առաջ Ադրբեջանը գոյություն չի ունեցել, բացի Պարսկաստանի Ատրպատական նահանգը։

«1918-1920 թվականներին ՀՀ տարածքում որևէ ադրբեջանական անկլավ գոյություն չուներ, Նախիջևանն էլ Ադրբեջանինը չէր։ Խորհրդային տարիներին, երբ Ստալինն Ադրբեջանին ուղղակի նվիրեց Ղարաբաղը և Նախիջևանը, Ադրբեջանը դա ընդունում է, ասում է, իրենց ձեռնտու էր։ Բայց, երբ ժամանակն է գալիս սահմանները որոշելու, Ադրբեջանը հայտարարում է, թե ինքը Խորհրդային Ադրբեջանի ժառանգորդը չէ»,- հավելեց Ռուբեն Գալիչյանը։

Արևմտյան Հայաստանը չի ընդունում այն սահմանները, որոնք այժմ մատնանշվում են Ադրբեջանի կողմից, որը ըստ ամենայնի Սովետական միության արգասիքն է: Կա Հայաստան պետություն, որն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ: