Անտարբերության ու գանձագողերի պատճառով Վանում օրեցօր անհետանում կամ վնասվում են հայերի թողած պատմական և մշակութային կառույցները։ Գայանե Գևորգյան անունով հայուհին, ով իր կյանքի զգալի մասն անցկացրել է Հայաստան-Վան ճամփորդության վրա, իսկ  2015 թվականից հիմնական բնակություն հաստատել Վանում,  իր ծնողների պատգամով՝ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի այս տարածքում հայկական հետքերը հնարավորինս պահպանվեն։

Գայանե Գեւորգյանի ծնողները 1915-ին ապաստանում են Արևելյան Հայաստանում, ովքեր ավելի ուշ, պատգամում են իրենց դստերը գտնել նախնիների գերեզմանները Վանի Գևաշ գավառում։ Եվ Գայանեն գտավ։ Նա նույնիսկ տատիկի գերեզմանից մի քանի բուռ հող է տարել Հայաստան ու շաղ տվել հոր գերեզմանին։

Գայանե Գևորգյանը  ծնվել ու մեծացել է Հայաստանի Հանրապետության  Արարատի մարզի Սիսավանք գյուղում։ 2015 թվականից Վանի Արտամետ (Էդրեմիտ) գավառում հաստատված Գևորգյանը, թերևս, առաջին հայն է, ով 1915 թվականից ի վեր տուն է գնել ուբնակություն հաստատել Վանում։ Նրա խոսքով՝ իրեն հաջողվել է իրագործել  ծնողների  երազանքը։

Նշելով, որ 2009 թվականից  այցելում էր Վան, Գեւորգյանն այսպես է ասում. «1915 թվականին իմ պապերը Վանից գաղթել են Արևելյան Հայաստան։ Իմ ծնողների երազանքն էր, որ Վանում տուն ունենանք, որ նրանք տեսնեն Վանը։ Ծնողներս մահացան, իսկ ես կատարեցի նրանց տված իմ խոստումը։ Ես սիրում եմ վանեցիներին, քանի որ նրանք շատ նման են հայերին։ Նրանք կարծում են, որ բոլորս նման ենք իրար։ Ինձ դուր եկավ Վանը։ Ես  տուն գնեցի ու հաստատվեցի այստեղ։ Վանեցիներն էլ ինձ գրկաբաց ընդունեցին, որի համար ես շատ ուրախ եմ»։

Գևորգյանը նշում է, որ չի կարող հեռանալ այստեղից, ծնվել է Հայաստանում, բայց ցանկանում է այստեղ մեռնել։

Գայանե Գևորգյանը մեծ եռանդ ու ժամանակ է հատկացնում  հայկական սրբատեղիների և գերեզմանների պահպանման գործին, որոնց բացահայտմանն ու պատկան մարմիններին ներկայացնելուն ուղղված նրա ջանքերը զուր չեն անցել։

Նրա շնորհիվ բացահայտվել են տասնյակ պատմական կիսավեր շինություններ, որոնք հոգատար վերաբերմունքի դեպքում դեռ կարող են պահպանվել։

Վերջերս Գեւորգյանի  ջանքերով հնարավոր է եղել Արտամետում գտնվող հին հայկական  եկեղեցու շենքը թանգարանից վերածել  սրբավայրի։ Այս հարցում նրան օգնել է Արտամետի քաղաքապետարանը։ Սակայն այստեղ կառուցված սանհանգույցը չի գործում, եկեղեցում պահակ չկա, շուրջբոլորը դատարկ շշեր են թափված։ «Ես ամաչում եմ այստեղ հյուրեր բերել»,- ասում է  նա։

Մեկ այլ խնդիր էլ կա, որին ընդվզում է Գևորգյանը․ դա պատմական վայրերում ու գերեզմաններում գանձախույզների առաջաց բերած ավերածություններն են։ Նշելով, որ շատ եկեղեցիներ քարուքանդ են եղել, Գևորգյանն իր նախատինքն այսպես է արտահայտում. «Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ, մի քանդեք հայկական եկեղեցիները։ Դրանք աստծո տունն են, այնտեղ ոսկի չկա, գերեզմանները մի խառնեք, այնտեղ էլ ոսկի չկա։ Եկեք միասին պահպանենք այս վայրերը»։

Վերջերս նույնիսկ, քանդված հայկական գերեզմանում մարդկային ոսկորներ են թափվել գետնին։ Գևորգյանն այսպես է նկարագրում. «Վերջերս լսեցի, որ Վանի Քալեջիկ գավառում հայկական գերեզմանատունը տրակտորներով  փորել են։ Գնացի տեսա և շատ տխրեցի։ Այնտեղ գտա մի կնոջ պատկանող ծնոտ և  տղամարդու թև: Ես դրանք ծածկեցի հողով: Ծանր հոգեբանական ցնցումներ ունեցա։ Բարեբախտաբար, պետական ​​պաշտոնյաները գերեզմանը հայտարարեցին պահպանվող տարածք: Առայժմ ոչ ոք չի քանդում»։

Գեւորգյանն իրեն համարում է,  մի տեսակ, «Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջ» և նշում է, որ  ներկայումս պատրաստվում է հայ-թուրքական ասոցիացիա ստեղծելու աշխատանքներին։