Ֆրանսիայի Սենատի նախագահական ընդունելությունների սրահում սեպտեմբերի 20-ին Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ, սենատոր Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արցախին նվիրված համաժողով, որի ընթացքում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» կոլեկտիվ աշխատությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո։

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել սենատոր Բրունո Ռըտայոն, ով համերաշխություն է հայտնել Արցախի Հանրապետությանը, ինչպես նաև Հայաստանին՝ մասնավորապես դատապարտելով Արևելյան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին պատերազմական ագրեսիան, ինչպես նաև ընդգծելով Ֆրանսիայի և Եվրոպայի կողմից, Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հրատապ անհրաժեշտությունը։

Այնուհետև տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատության հեղինակների մասնակցությամբ։ 

Միջոցառումը եզրափակվել է Սենատի նախագահ Լարշեի ուղերձով, որը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը։