Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը և

հանդես եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Մեծարգո ներկաներ, ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Մենք հանձնառու ենք ակտիվորեն աջակցել և նպաստել միջմշակութային երկխոսության, փոխադարձ ըմբռնման և փոխհամաձայնության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին:

Հենց այս պահին, 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Ադրբեջանը ցանկանում է ժխտել հայկական ժառանգության գոյությունն անգամ։

Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ մարդկության համար, և այն պետք է խստորեն դատապարտվի և հասցեագրվի: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Արցախում անկախ փորձագիտական առաքելություն ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը, որի իրականացմանը մինչ այժմ խոչընդոտում է Ադրբեջանը։

Հուսով ենք, որ մեր համատեղ ջանքերն ու նվիրվածությունը թույլ կտան մեզ հետամուտ լինել մեր պարտավորություններին և էլ ավելի ամրապնդել մեր կապերն ու համագործակցությունը»:

Ցավալի է, երբ միջազգային նման հարթակում խնդիրները խորքային և փաստարկված չեն ներկայացվում հայ դիվանագետների կողմից։ Առավել խորքային անդրադառնալու համար նախ Պարոն Միրզոյանը պետք է ներկյացներ Թուրքիայի կատարած մշակութային ոճրագործությունները Արևմտյան Հայաստանում, այնուհետև դա կապեր թուրք-ադրբեջանական տանդեմի գործողություններին՝ արդեն 2020 թվականի պատերազմից հետ ՝ Արցախում։ Դիվանագիտության լեզուն շատ խորն է, և Արևմտյան Հայաստանը հույս է հայտնում, որ այն կկարողանան օգտագործել հանուն Հայաստան պետության։