«Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ. սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայ-լեհական արշավախումբը հայտնաբերել է բացառիկ գտածոներ:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, hնագիտական աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասերում՝ միջնաբերդից արևելք տեղակայված քաղաքային թաղամասում և դամբարանադաշտի հատվածում:

Աշխատանքների արդյունքում ի հայտ են եկել  անխաթար վիճակում պահպանված դամբարան, որտեղ գտնվել են  տարբեր տարիքի մարդկանց կմախքներ։ Հուղարկավորվելուց առաջ այս մարդիկ զարդարված են եղել ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված տարատեսակ ուլունքահատիկներով ու զարդերով։ Անհատների հետ նույն մակարդակի վրա բացվել են 10 ամբողջական խեցանոթներ, ստորին շերտում բացվել են ևս 8 ամբողջական անոթներ, որոնցից բացառիկ է կապտականաչավուն ջնարակապատ փոքրիկ սրվակը։

Հնագիտական նյութերի նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս դամբարանը թվագրել մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին քառորդով։