Արդեն մի քանի ամիս է, սկսած Վաչիան գյուղից մինչև Կարծախի մաքսային անցակետ բեռնատարների կիլոմետրանոց շարասյունը չի վերջանում: Մարդիկ չեն կարողանում գյուղատնտեսական տեխնիկան դաշտ տանել:

Ջավախքում կարոտֆիլի բերքահավաքի շրջանն է: Ախալքալաքի Վաչիան գյուղից մինչև Կարծախի սահմանային անցակետ տանող ճանապարհին շուրջ 10 գյուղ կա: Այդ գյուղերի բնակիչները բողոքում են, որ բեռնատարների շարասյունը խոչընդոտում է  գյուղատնտեսական տեխնիկայի անարգել տեղաշարժին, այդպիսով ավելի բարդացնելով առանց այն էլ իրենց դժվարին աշխատանքը:

Ախալքալաք-Կարծախ ճանապարհին կուտակված բեռնատարները հիմնականում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Իրանի և այլ երկրների պետհամարանիշերով են: Գյուղացիները բողոքում են, որ վարորդները աղտոտում են շրջակա միջավայրը։