Հանքարդյունաբերության պատճառով ալևիներով խիտ բնակեցված  շրջաններում թալանն անդադար շարունակվում է։ Մալաթիան այն շրջաններից մեկն է, որտեղ նույնպես ոչնչացվում է  բնությունը՝ հատկապես ալևի քաղաքացիներին զրկելով կենսատարածքներից։

Մալաթիայի բնապահպանական հարթակի Անկարայի ներկայացուցիչ Յոլդաշ Ջեյլանը,

մատնանշելով շրջանում շարունակվող հանքարդյունաբերական աշխատանքները, ահազանգում է շուրջ 30 գյուղի մոտալուտ ոչնչացման մասին։ Նրա խոսքով՝ 

շատ հանքարդյունաբերական ծրագրեր կյանքի են կոչվել հատկապես Մալաթիա, Սեբաստիա, Խարբերդ, Դերսիմ, Երզնկա, Մարաշ և Սամոսատ նահանգներում: Վերոնշյալ երկաթի և ոսկու հանքերի պատճառով վտանգի տակ են հայտնվել նաև ալևիների հավաքատեղիներն ու ուխտատեղիները։ Յոլդաշ Ջեյլանի հավաստիացմամբ՝ նպատակը միայն հանքարդյունաբերությունը չէ: 

«Մեզ մեծ աղետ է սպասում՝ Աթմա շրջանից մինչև Արաբկիր գավառ, Սարը Չիչեք սարահարթից մինչև Քեմալիե և Մնձուրի լեռներ։ Մենք այս մասին բարձրաձայնում ենք արդեն 3 տարի։ Գոյություն ունեն նաև օտարման փաստաթղթեր, որոնք երկրի նախագահը հրապարակել է մեկ շաբաթ առաջ։ Իսկ դա նշանակում է մարդկանց զրկել ունեցվածքից, հետո այն յուրացնել։ Այդ նախագծերը սկզբում սկսվում են փոքր ծավալով, ապա պետության աջակցությամբ ընդլայնում են աշխարհագրությունը»,-մանրամասնել է ակտիվիստը:

Թուրքիան նպատակ ունի ոչ միայն մեծ վնաս հասցնել Արևմտյան Հայաստանի էկոլոգիային, այլ նաև իրականացնել քողարկված տեղահանություն՝ ալևիներին հեռացնելով այն տարածքերից, որտեղ ավելի քան մեկ հարյուրամյակ և գուցե ավելի ապրել են:Այս բռանազավթիչ պետությունը չի հանդուրժում մեր տարածքներում ապրող փոքրամասնություններին, և քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև իրագործում է իր ցեղասպան ծրագրերը: