Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացրած գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումը:

Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված ոչնչացրել է նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաև Հանրապետական Թուրքիայում: 1920-ական թթ.-ից սկսվել է նաև Արեւմտյան Հայաստանի տեղանունների փոփոխության գործընթաց: Ներկայումս Արեւմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թուրքական են: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, իսկ 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:

«Հոդված 6-ը պահանջում է ՝ արդար վերաբերմունք ունենալ Թուրքիայում ապրող հայ փոքրամասնության նկատմամբ՝ կապված իրենց ինքնության, լեզվի, կրոնի, մշակույթի և կրթական համակարգի հետ, խստորեն ջատագովում է հուշարձանների ավելի լավ պահպանությունը,  հայկական կրոնական ճարտարապետական ​​ժառանգության պահպանումը  Թուրքիայում և հուսով է, որ Համայնքը կքննարկի, թե ինչպես պետք է իր օգնությունը տրամադրի այդ նպատակով:>> Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքները կեղծող այս հոդվածի կապակցությամբ Արևմտյան Հայաստանը հիշեցնում է, որ հայերը ոչ թե էթնիկ փոքրամասնություն են Թուրքիայում, այլ բնիկ ազգ ՝ օկուպացված Արևմտյան Հայաստանում ։