ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձև։ 

«Շատ երկար ժամանակ Ադրբեջանն անպատիժ կերպով վայրագություններ է իրականացրել հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ՝ զինծառայողների մարմինների մասնատումից մինչև գլխատում, բուժհաստատությունների և կրոնական օբյեկտների միտումնավոր թիրախավորումներ։ Ադրբեջանը բազմիցս արհամարհել է մարդկային հիմնարար արժեքներն ու միջազգային իրավունքները։ Մենք պետք է Ալիևի կառավարությանը պատասխանատվության ենթարկենք ըստ Ժնևի կոնվենցիայի՝ խախտումների և վայրագությունների համար»,- ասել է Սփիերը։

Սփիերի ներկայացրած բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները։

Բանաձևում անդրադարձ կա նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակմանը, որը կրկնությունն է 2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմի։

Արևմտյան Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի կատարած ծավալուն աշխատանքը, քանի որ սա նաև արձագանքն է այն բանի,որ 44-օրյա պատերազմից հետո  ամիսներ շարունակ Արմենակ Աբրահամյանը միջազգային բարձր ատյաններին էր ներկայացնում  այս խնդիրը, շատ խորքային դիտարկմամբ և փաստերով։ Այս պատերազմը և ռազմական հանցագործությունները դիտավորյալ կազմակերպված հերթական ցեղասպանությունն էր ուղղված հայերին թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։