2018 թվի այս օրը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 թ.-ի մայիսի 22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում:

Իր երաժշտական կարիերայի ընթացքում ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։

1988 թ. սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2017 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդի Նիկոլան ստեղծեցին «Ազնավուր» հիմնադրամը, որի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է: Հայաստանի մշտական դեսպանն էր ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։  2009 թ.-ի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 2010 թվականին նա ստանում է Victoires de la Musique մրցույթի գլխավոր մրցանակը: 2017 թ.-ի օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը:

Շառլ Ազնավուրը Արևմտյան Հայաստանի զավակ է, ով իր ողջ կյանքի ընթացքում ամեն տեղ ու անդադար ասաց այդ մասին, խոսելով ցեղասպանության և դրա հատուցման մասին։ Արևմտյան Հայաստանը հարգում է հզոր հայորդու վաստակը և խնկարկելով վառ հիշատակը նշում, որ նրա երազանքը՝ Հայստան պետությունը շուտով կվերականգնվի բոլորիս ջանքերի շնորհիվ։