VII դարի «Աշխարհացոյցի» («Աշխարհի ատլաս»-քարտեզների ժողովածու) հաղորդած տեղեկություններով Գողթնը Վասպուրականի 33-րդ գավառն էր, որն Արծրունիների տիրապետության տակ էր անցել հավանաբար V դարի կեսերից։ Թովմա Արծրունու տեղեկություններով Գողթնը Վասպուրականի կազմում եղել է մինչև 737 թ.:
Գողթնը, որի տարածքը ընդգրկում է հիմնականում այժմյան Օրդուբադի շրջանը, տարածված է Նախիջևանի հարավարևելյան մասում, Արաքս գետի ձախ ափին։ Ըստ պատմական աղբյուրների՝ այս գավառի ազգաբնակչությունը հնուց ի վեր զբաղվել է խաղողագործությամբ, այգեգործությամբ և բազմազան արհեստներով։ Հայոց պատմության մեջ Գողթնը հռչակված է եղել որպես «գինևէտ» գավառ, որի խաղողն ու նուռը, դեղձն ու ընկույզը, թութը և այլ մրգերը ունեցել են մեծ ճանաչում։ Այս վաղեմի գավառի գեղեցիկ բնաշխարհի անբաժան մասն են կազմում նաև նրա պատմաճարտարապետական հուշարձաններն ու վաղ շրջանի բնակատեղիները, գյուղաքաղաքներն ու ավանները, որոնք հիմնված են Ագուլիսի, Որդուարի, Տրունյաց կամ Վանանդի, Ցղնայի, Գիլան կամ Բիստի ձորերն ի վեր, երբեմնի շեն ու հզոր բնակավայրերում և նրանց շուրջը։
Գեղեցիկ և բարեբեր է Արևմտյան Հայաստանի Գողթն գավառը։ Իր գրաված տարածքով, պատմական անցյալով ու մշակույթով այն էական դեր է խաղացել հայ ժողովրդի պատմական անցայլում՝ մինչև XX դ. սկզբները։ Այստեղ ավանդաբար հարգի են եղել հայ երգն ու արվեստը, գիրն ու գրականությունը։