Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում կազմակերպվել է տարբեր ժողովուրդների տարազների և մշակութային տարրերի ցուցահանդես, որին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ:
Այս նրբահյուս աշխատանքի ոգեշնչման նախատիպը 1930-ական թվականներին ստեղծված հայկական մի ժանյակի նմուշն է:
Միջոցառման նպատակն է ներկայացնել MONDIACULT 2022-ին մասնակից երկրների մշակութային բազմազանությունն ու հարստությունը` տվյալ մշակույթներին բնորոշ գործվածքեղենի, ձեռագործ աշխատանքի, գեղարվեստի առարկաների ցուցադրմամբ։
Հավելենք, որ Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Հիշեցնենք, որ ժանյակագործությունը Հայաստանի Հանրապետությունում սկսեց զարգանալ հայերի դեմ Արևմտյան Հայաստանի բնիկ տարածքներում իրականացված ցեղասպանությունից հետո, հիմնականում արվեստը Երևան և հարակից մարզեր բերեցին վանեցիները, մարաշցիները, և կարինից բռնագաղթվածները։ Այսօր այդ միջազգային ցուցահանդեսին ցուցադրվեց Արևմտյան Հայաստանի մշակույթը, որի մասին ցավոք շատ քիչ խոսվեց։