Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ ռազմագերիներին։ 

Համաձայն ՀՀ հաղորդած պաշտոնական տեղեկատվության՝ հայ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել ադրբեջանական զինուժի կողմից  սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։ Փաստը հաստատվել է բազմաթիվ անհերքելի ապացույցներով։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը, Նախագահ Արմենակ Աբրահամյանը խստորեն դատապարտում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները՝ մասնավորապես՝ խաղաղ բնակչության թիրախավորումը, հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումները՝ հիմք ընդունելով նաև վերոնշյալ տեսանյութը։

Արևմտյան Հայաստանը ցավակցում է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքներին։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը և նախագահը հայտարարում են, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պարբերաբար կրկնվող անօրինական վայրագությունները անպատիժ չեն մնալու և կստանան համարժեք պատասխան։