Ներկայացնում ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հարցազրույցից հատվածներ.  «Ինչպես տարածված սահմռկեցուցիչ տեսանյութը, այնպես էլ թշնամու մինչ այդ արած համանման քայլերը ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանը Հայաստանի և հայության դեմ վարում է ԳԵՆՈՑԻԴԱԼ պատերազմ. դա նաև Թուրքիայի ձեռագիրն է: Ադրբեջան և Թուրքիա պետություններն ու դրանց քաղաքական-պետական գործիչները ցեղասպան մտածողության բացահայտ կրողներ են. սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Ցեղասպան և բառիս բուն իմաստով կացնային մտածողությամբ ալիևներին ու համանման մարդասպաններին զսպելու մի մեթոդ կա մեր տարածաշրջանում` համարժեք ու անհամաչափ պատասխանը: 

Պատմությունը ապացուցել և հիմա էլ ապացուցում է, որ Արևելքում բառիս բուն իմաստով ապրելու համար պետք է ապավինել ժողովրդական իրական իմաստության բանաձևի և ինքնապաշտպանության բնազդի կրող նժդեհներին, անդրանիկներին, ձեդոներին(Արցախի բարբառով՝ պապիկ, խմբ.) այլ ոչ թե «խաղաղության մունետիկներին»: Արևելքում ու Հայաստանում ապրելու բանաձևը հստակ է` մերժել «թղթե շերեփի» գաղափարը, հույսը դնել միայն իրական զսպող մեխանիզմների, համարժեք պատասխանի և դրան պատրաստ լինելու վրա: Այլապես կկրկնվի նույն սցենարը, երբ 1915-ին քաղաքակիրթ աշխարհը դատապարտեց ցեղասպան Թուրքիային և հետո` 1923-ին այդ նույն քաղաքակիրթ աշխարհը Լոզանում պայմանագիր ստորագրելով սեղմեց դրա արյունոտ ձեռքը»:

Արևմտյան Հայաստանը հիշեցնում է, որ ցանկացած տարածքային  հարց պետք է լուծվի հիմնավորվելով  իրավարար վճռի վրա։ Մեր կողմից անընդունելի է այսպես կոչված սովետ Հաայստանի քարտեզները, որոնք այժմ պարտադրվում են Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ բռնազավթումից ազատագրվի մեր հայրենիքի մնացյալ մասը։