«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը հանրային քվեարկության արդյունքում ճանաչվել է Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրությունը և ստացել առաջին մրցանակ։

Ցուցահանդեսը բացվել է 2022 թ. մայիսի 10-ին Նիդեռլանդների Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում ՀՀ և Նիդեռլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում։

Նշենք, որ ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ քարեդարյան հնագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակահատվածին պատկանող տարբեր առարկաներ՝ զենքեր, զարդեր, կոթողներ։ Ներկայացվել են նաև Քարաշամբի հնավայրից գտնված եզակի ծիսական արծաթյա գավաթը, Արտաշես 1-ին արքայի արամերեն արձանագրությամբ սահմանաքարերից մեկը, Տիգրան Մեծի դրամներից, ինչպես նաև թանգարանի հավաքածուից 17-րդ դարում Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը։

Ցուցահանդեսին ներկայացված է նաև Նոյան Տապանի մասունքը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից։

Աշխարհին ցուցադրվող հայկական այս գլուխգործոցների բազում օրինակներ կան նաև Արևմտյան Հայաստանի տարածքում, որոնք ոչնչացվում և թալանվում են Թուրքիայի կողմից ,քաղաքկիրթ աշխարհի աչքի առաջ։