Էրիկ Առստամյանի ոսկե մեդալը սպասված էր: Երբ նախորդ տարի դարձավ բրոնզե մեդալակիր, վերադարձանք Արցախ, ասացի, որ հաջորդ տարի նա չեմպիոն է դառնալու:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Իտալիայից ասաց Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Նարեկ Աբրահամյանը, որը նորընծա չեմպիոն Էրիկ Առստամյանի անձնական մարզիչն է:
15-ամյա արցախցի բռնցքամարտիկը Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 52 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտության մատնեց անգլիացի Լեյթոն Բիրչոլին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
«Շատ ուրախ եմ Էրիկի հաղթանակի կապակցությամբ: Ուժեղ առաջնություն անցկացվեց: 33 պետություն էր մասնակցում: Մեծ մրցակցություն կար: Էրիկը 4 մենամարտ անցկացրեց եւ բոլորում արժանի հաղթանակ տարավ: Կառանձնացնեմ մեկնարկային մենամարտը, որտեղ հաղթեց թուրք բռնցքամարտիկին: Թուրքի նկատմամբ հաղթանակն էլ հայ ազգի համար էր: Էրիկը շատ գեղեցիկ մենամարտ անցկացրեց, մինչեւ վերջին կաթիլը պայքարեց»,- ասաց Նարեկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 5 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե: Հայաստանի երկրորդ ոսկե մեդալակիրը 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանն է: