1935 թ. հոկտեմբերի 22-ին Փարիզի Վիլ Ժուիֆի հիվանդանոցում մահացավ Կոմիտասը:

Հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր, Արևմտյան Հայաստանի հաճարեղ զավակ Կոմիտաս վարդապետը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ.-ի սեպտեմբերի 26-ին Քյոթահիա կամ Կուտինա քաղաքում։

Նրա ծնողները աչքի էին ընկնում գեղեցիկ ձայնով։ Կոմիտասը նույնպես հիանալի երգում էր։ 

1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է որպես սարկավագ։ 1893թ.-ին ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ Կոմիտաս կաթողիկոսի անունը։

Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, ժողովրդական երգեր մշակում, գրելով իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։ 1895 թվականին Կոմիտասը ստացել է վարդապետի հոգևոր աստիճան: Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Բեռլինի հետ, ուր նա մեկնում է ուսանելու՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես էր գալիս որպես հայ երաժշտության կատարող:

1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվում է նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվում է Արևմտյան Հայաստանի խորքերը, ականատես լինելով հայ ժողովրդի բնաջնջմանը։