Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ 44-օրյա պատերազմից հետո 15 բիզնես գաղափար է կյանքի կոչվել Արցախում: Այս մասին տեղեկացրել է ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի Արցախի գրասենյակի մենեջեր Լիլիթ Ղազարյանը:

«Պատերազմից առաջ Արցախում ծրագրի աջակցությամբ բացվել և գործում էր 155 բիզնես, որից 50-ը մնացել է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում: Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի գյուղական բնակավայրերում աջակցություն ենք ցուցաբերել տարբեր բիզնես ծրագրերի իրագործմանը։ Ներկայում ևս ծրագրին դիմողների թիվը չի նվազել»,-նշել է Լ. Ղազարյանը: 

Թրփանճեան ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է այցելել Արցախի գրասենյակ, լրացնել դիմում: Եթե բիզնես գաղափարն իրատեսական է, ապա գրասենյակից հրավիրում են մասնակցելու մեկ ամիս տևողությամբ դասընթացների ձեռնարկատիրական հմտություններ ձեռք բերելու կամ դրանք զարգացնելու համար:

Լավագույն գնահատականի արժանացած ծրագրերը երաշխավորվում են վարկավորման Թրփանճեան ծրագրի հետ համագործակցող բանկերի միջոցով:

Արևմտյան Հայաստանը դրակա է գնահատում նմանատիպ տարբերակով Արցախում ներդրումներ կատարելը, քանի որ այս ձևով հնարավորություն է տրվում բնակիչներին հանդես գալ նախպաձեռնությամբ և կրթվելուց հետո միայն սկսել սեփական բիզնեսը։ Արցախը պետք է զարգանա, և դա ժամանակի հրամայականն է։