Արևմտյան Հայաստանում՝ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո հայկական առաջին դպրոցները հիմնվել են 1790-ական թթ.` Կ. Պոլսում` հիմնականում եկեղեցուց ստացված հասույթով կամ հայության միջոցներով ու նախաձեռնությամբ: 19-րդ դարի կեսերից սկսած երկսեռ վարժարաններ են հիմնվել նաև Արևմտյան Հայաստանի բոլոր գավառական կենտրոններում, ապա նաև գյուղերում: Արևմտահայ կրթության կազմակերպման ու զարգացման գործին մեծապես նպաստել են հիմնականում հայ առաջադեմ երիտասարդների նախաձեռնությամբ ստեղծված կրթա-մշակութային մի շարք ընկերություններ ու կազմակերպություններ։

Ազգային կենտրոնական վարչության ուսումնական խորհրդի պատրաստած «վիճակացույց»-ի համաձայն` 1901-1902թթ. դրությամբ Արևմտյան Հայաստանի տարածքում  գործել են 441 վարժարաններ` 29371 աշակերտ, 7772 աշակերտուհիներով և 921 ուսուցիչներով: Ընդ որում, բերված թվերը վերաբերում են միայն հայ առաքելական համայնքին. վիճակացույցից դուրս են մնացել հայ կաթոլիկ և բողոքական համայնքներին պատկանող դպրոցներն ու աշակերտները, ինչպես նաև մասնավոր դպրոցներ ու օտար վարժարաններ հաճախած երկսեռ աշակերտները։ Վիճակացույցում ընդգրկված չեն նաև Կ. Պոլսի թաղային վարժարանները: