Մ.թ.ա. 7-րդ դարի բավականին մեծ կառույցի ավերակներ են հայտնաբերվել Երևանի Կարմիր բլուրի տարածքում հնագույն բնակավայրերից մեկի պեղումների ժամանակ։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը գտածոն չափազանց կարևոր է համարում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Մերձավոր Արևելքի համար։

Միքայել Բադալյանը ասաց, որ երեք վարկած կա, թե ինչ կարող է թաքնված լինել հողի շերտերի տակ` շուկա, քարավանատուն կամ թագավորական ախոռ։ «Այդ կառույցի նմանը Հայաստանում չկա։ Սա քարե շենք է` սալարկված հատակով։ Մենք ձի կապելու օղեր ենք հայտնաբերել, ինչպես նաև կենդանիների ոսկորներ: Բացի այդ, խոշոր հրդեհի հետքեր կան»,-ասաց Բադալյանը։

Բադալյանը հիշեցրեց, որ Կարմիր բլուրն Ուրարտուի առևտրատնտեսական կենտրոններից մեկն է եղել, որը առևտրային կապեր է պահպանել հարևան երկրների հետ։ Այստեղ հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի մնացորդներ, այդ թվում` Ուրարտական Թեյշեբաինի բերդաքաղաքը։