Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր մարմինը հոկտեմբերի 24-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի բնիկ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին» հայտարարություն, որով խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք և շարունակվող ագրեսիան Արցախի դեմ՝ մտահոգություն հայտնելով, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ:

Ցեղասպանության վտանգը վերացնելու նպատակով Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր մարմինը կոչ է անում.

Միջազգային հանրությանը և ակադեմիական ու մշակութային կազմակերպություններին՝ դատապարտել Ադրբեջանի բռնությունն ու ատելության խոսքը Հայաստանի դեմ և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանին ստիպելու դադարեցնել ռազմական գործողություններն ու ատելության խոսքը Հայաստանի Հանրապետության և Արցախի բնիկ հայերի դեմ, Ադրբեջանին՝ կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, Ադրբեջանին՝ հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից և հարգել արցախահայության ինքնորոշման իրավունքը, որը երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ (Գլուխ I, հոդված 2),

Միջազգային հանրությանը՝ զսպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմին, որը պատասխանատու է 2020 թվականի սեպտեմբերից Հայաստանի և հայերի դեմ իրականացված ագրեսիայի (հանցագործություններ խաղաղության դեմ), ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը իր հանրային ելույթներից մեկում ևս ընդգծել է, որ սա Արևմտյան Հայստանի բնիկ տարածքներում իրականացված ցեղասպանության շարունակությունն է, քանի որ Թուրքիան չպատժվեց 1․5 մլն անմեղ հայերին կոտորելու, ունեզրկելու և իրենց բնիկ տարածքներից բռնի տեղահան անելու համար։ 2020 թվականից սկսված Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ Արցախում սկսեց իր ցեղասպանական գործողությունները, որն այսօր շարունակվում է Հայաստանի Հանրապետության հետ շփման գծում։