1887 թ. Խարբերդ քաղաքի Վերի Թաղի Ս. Հակոբ եկեղեցուն կից ծխական դպրոցի հիման վրա հիմնվել է Խարբերդի Ազգային կեդրոնական (կենտրոնական՝ այսպես է անվանվել 1890 թվականից) վարժարանը: Այն առավել հայտնի է եղել առաջին և միակ տնօրենի՝ Խարբերդի «Սմբատեան» վարժարանի շրջանավարտ, արևմտահայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Թլկատինցու (Հովհաննես Հարությունյան, 1860-1915 թթ.) անունով: Ի տարբերություն նախորդ ծխական դպրոցի (հիմնված դեռևս 1820-ականներից, ուր դասերն անց են կացվել հատակին ծալապատիկ նստած)՝ նոր վարժարանն օժտված էր ժամանակակից բոլոր հարմարություններով: Հիմնադրումից ի վեր վարժարանը մեծ հեղինակություն է վայելել ինչպես տեղի, այնպես էլ Արևմտյան Հայաստանի այլ նահանգների հայության շրջանում: Յուրաքանչյուր տարի վարժարանն ունեցել է շուրջ 300 աշակերտ։ 

1895-1896 թթ. համիդյան կոտորածների ընթացքում Օսմանյան կայսրության բազմաթիվ կրթական հաստատությունների նման Խարբերդի կենտրոնական վարժարանը ևս հրկիզվեց ու հիմնովին ավերվեց։ Սակայն Թլկատինցին ջանքեր չխնայեց վարժարանը կրկին վերաբացելու ուղղությամբ: 20-րդ դարասկզբին Խարբերդի կենտրոնական վարժարանը՝ ի դեմս նրա տնօրենի և ուսուցիչների, հայտնվում է օսմանյան իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ շարունակ հետապնդվելով ու ճնշումների ենթարկվելով: Օսմանյան կայսրության հարյուրավոր հայկական վարժարանների նման Խարբերդի Ազգային կենտրոնական վարժարանի բեղմնավոր գործունեությունը ևս ընդհատվեց 1915-ին: