ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված էր Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Ֆրանկֆուրտի ցուցահանդես-տոնավաճառն իր տեսակի մեջ միջազգային ամենամեծ գրքի հարթակն է, որին Հայաստանը մասնակցում է ավելի քան քսան տարի: Միջոցառմանն այս տարի ներկայացել էին աշխարհի 100 երկրներից ավելի քան 7 հազար մասնակիցներ: Այն հրաշալի առիթ էր հերթական անգամ ցուցադրելու, հանրահռչակելու Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականությունն ու մշակութային գրավոր ժառանգությունը: 

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության նպատակներն են գրատարածման բնագավառում միջազգային համագործակցությունը, արտերկրում հայ գրականության հանրահռչակումը, գրական դաշտի բոլոր օղակների զարգացումը:

Արևմտյան Հայաստանը ուրախ է, որ նման միջազգային փառատոնին ՀՀ-ն ներկայացել է Արևմտյան Հայաստանի զավակ, ծնունդով Կարսեցի Եղիշե Չարենցի ստեղծագործություններով։ Սա լավագույն հարթակն է, գրականագիտական ոլորտի մասնագետներին պատմելու Չարենցի, նրա ծննդավայրի, տեսած ցեղասպանության և  կրած դժվարություններից հետո նման հասկայածավալ  գրական ժառանգություն թողնելու մասին։