Կիրակի՝ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում նախատեսված է ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ, դատելով հաղորդագրություններից, ընդունվելու է հայտարարության տեքստ, որում կոչ է արվելու ՀՀ իշխանություններին չընդունել խաղաղության պայմանագրի որևէ տարբերակ, որում բացակայում է Արցախի հարցը։ 

Դատելով Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններից, այս ակցիան ի վերջո հանգելու է այսպես կոչված «վաշինգտոնյան տարբերակը» մերժելուն եւ «ռուսական պլանն» ընդունելուն։ «Վաշինգտոնյան տարբերակը» հրապարակեց ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված մի տելեգրամ ալիք:

Նշվում է, որ «վաշինգտոնյան տարբերակը» նախատեսում է Արցախի պատկանելությունը Բաքվին եւ միջանցքի բացումը, իսկ «ռուսական պլանով» իբր տեղ է թողնված կարգավիճակի համար։  Հատկանշական է, որ «վաշինգտոնյան տարբերակի» գոյությունը հաստատեց անձամբ ՌԴ նախագահ Պուտինը Վալդայ ակումբում երեկվա իր ելույթում, իսկ թե ինչ է ենթադրվում ռուսական տարբերակով՝ նա չասաց։ 

Արևմտյան Հայաստանի համար չկա «վաշինգտոնյան» կամ «ռուսական» տարբերակ, կա «Միացյալ Հայաստանի» տարբերակ, որը ոչ մի պարագայում չի ընդունում մեր պետության տարածքների բռնազավթումը թուրք-ադրբեջանական պետությունների միջև։ Մենք իրավունք չունենք ընտրություն կատարել վատի և վատագույնի միջև, մենք պետք է առաջարկենք մեր սեփական տարբերակը, որ կբխի ազգային շահից և հիմնավորված կլինի մեր ընդհանուր Հայստան պետության արդեն իսկ ընդունված փաթեթի վրա։