Տարագիր հայերի գործերով զբաղվող  գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը համոզված է, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի օրակարգում նախանշված ուղղությունները կապահովեն աշխույժ  և արդյունավետ քննարկումներ: 

Իր ելույթում Սինանյանը մասնավորապես ասել է․«Ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանում, Համաշխարհային հայկական գագաթնաժողովը մեկ հարկի տակ է հավաքել 50 երկրների ավելի քան 600 մասնակիցների և 100 բանախոսների: Նշանակալի այս իրադարձությունն անցկացվում է Հայաստանի և համայն հայության համար պատմական կարևոր ժամանակահատվածում, երբ դիմագրավում ենք տարբեր մարտահրավերներ, երբ անհրաժեշտ են մտածված և համարձակ լուծումներ: Բոլորիս համար ակնհայտ է, որ փոփոխվող աշխարհն իր անմիջական ազդեցությունն է թողնում  տարագիր հայերի տարբեր համայնքների, կառույցների, անհատների վրա՝ որոշակիորեն փոխելով նաև մեր օրակարգը, ուստի գագաթնաժողովը կարևոր հարթակ է քննարկելու ու հասկանալու միմյանց կարծիքները և դիրքորոշումները։ Այս իմաստով հայրենիք-տարագիր հայեր  գործակցության տարբեր ոլորտներին ուղղված օրակարգերը միտված են ապահովելու մեր ընդհանուր զարգացման տեսլականը և ծավալել ռազմավարական երկխոսություն»: