Գյուլիստանի պատմական բերդ-ամրոցը գտնվում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում` պատմական Արցախ նահանգի Խաչեն գավառում, Մռավի լեռնաշղթայի հյուսիսային կողմում։ 

Բերդը մի կողմով միացած է ցամաքին, իսկ երեք կողմերով շրջափակված է խոր անդունդով հոսող գետակով, որը ժամանակին խրամատի տեղ է ծառայել։ Գյուլիստանից 3 կմ հեռավորության վրա է գտնվում Գյուլիստանի Սուրբ Ամենափրկիչ վանքը, որից բերդ տանող ճանապարհն անցնում էր անտառների միջով։ Ժամանակին այստեղ են ամրացել Ղարաբաղի մելիքները։ Բերդի շուրջը սփռված երբեմնի բերդավանից պահպանվել են բազմաթիվ այլ շինությունների մնացորդներ, այդ թվում եկեղեցու, ջրաղացի, բաղնիքի և կամրջի ավերակները։ 

Գյուլիստան բերդը 18-րդ դարի առաջին երեսնամյակում Արցախի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում ստեղծված հինգ ռազմական կազմավորումներից մեկի՝ Չարաբերդ-Գյուլիստան սղնախի կարևոր հենակետերից մեկն էր։ Բերդը միաժամանակ շարունակում էր մնալ հայ-ռուսական դիվանագիտական նամակագրության օջախներից մեկը, և պատահական չէ, որ այստեղ է 1813 թվականի հոկտեմբերի 24-ին կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը։